Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ԱՄՆ-ի նոր նախագահը հազիվ թե ռուսների հետ Իրանի շուրջ «մեծ գործարք» կնքի

ԱՄՆ-ի նոր նախագահը հազիվ թե ռուսների հետ Իրանի շուրջ «մեծ գործարք» կնքի
10.03.2009 | 00:00

ԳԵՐԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դժվար է ասել, թե ինչ պատճառներով կամ ում «չար դիտավորությամբ», սակայն Քլինթոն-Լավրով երկար սպասված հանդիպումը Ժնևում չանցավ առանց բնութագրական կազուսի, որն արտահայտում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում գործերի իրական վիճակը։ Իսկ «թյուրիմացությունը» տեղի ունեցավ հետևյալ կերպ. Հիլարի Քլինթոնը Սերգեյ Լավրովին հուշանվեր մատուցեց կարմիր կոճակի տեսքով, որի վրա լատինատառ պետք է գրված լիներ «վերալիցքաթափում» բառը։ Սակայն պարզվեց, որ գրված է «վերածանրաբեռնում»։ «Ճիշտ չի գրված»,- փորձեց գործընկերոջն ուղղել Ռուսաստանի արտգործնախարարը, իսկ Քլինթոնը փորձեց կատակի տալ, խոստանալով, որ ինքը թույլ չի տա Մոսկվա-Վաշինգտոն հարաբերություններում վերածանրաբեռնման իրավիճակի ստեղծում։ ՈՒ թեև յուրաքանչյուր ռուսերեն իմացողի համար գրվածն ու հայտարարվածն իրարից խիստ տարբեր են, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները միասին սեղմեցին խորհրդանշական կոճակը։ Իրականում ի՞նչ կբերի այն, ցույց կտա ոչ այնքան հեռավոր ապագան։
Այնուհանդերձ, փաստ է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները, իսկապես, գերծանրաբեռնված են տարբեր պրոբլեմներով, որոնք, անկախ դիվանագետների լավատեսական հայտարարություններից, դեռ հեռու են լուծումից, թեկուզև այսօր երկուստեք արդյունավետ բանակցություններ վարելու համար ստեղծված իրավիճակը թվում է բարենպաստ։ Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում ընդունեց Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքների ապասառեցման վերաբերյալ, գլոբալ տնտեսական ճգնաժամն էլ կարծես ավելի զիջող է դարձրել Ռուսաստանի ղեկավարությանը։ Այս իմաստով արտգործնախարարների միջև բանակցություններն ապրիլի 2-ին Լոնդոնում տեղի ունենալիք Օբամա-Մեդվեդև հանդիպման նախապատրաստության վերջին փուլն էին։ Ժնևում վերջնականապես համաձայնեցվեց ռուս-ամերիկյան առաջիկա գագաթաժողովի օրակարգը, որը բաժանվում է երկու հիմնական և միաժամանակ հակասական մասերի։ Կան հարցեր, որոնց շուրջ սկզբունքային տարաձայնություններ չկան. ահաբեկչության և թմրանյութերի տարածման դեմ պայքարը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումն ու վերահսկողությունը։ Սակայն հարցերի երկրորդ խումբը խնդրահարույց է, ինչպես, օրինակ, ՆԱՏՕ-ի ընդարձակումը, ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումն Արևելյան Եվրոպայում, Իրանի ատոմային ծրագիրը։ Այս ցավոտ խնդիրներին պետքարտուղար Քլինթոնը հավելեց նաև Վաշինգտոնի մտահոգություններն առ այն, որ Ռուսաստանն օգտագործում է էներգետիկան իբրև «վախեցնելու միջոց» և միաժամանակ դատապարտման արժանացնում Մոսկվայի գործողությունները Վրաստանում։
Քլինթոն-Լավրով հանդիպման վերաբերյալ դիվանագետներն առայժմ բավարարվում են ընդհանուր ձևակերպումներով, գնահատելով այն իբրև «շատ արդյունավետ», «սկիզբ զրոյից», «զուսպ-լավատեսական», ընդգծելով, թե շատ հարցերում, այնուհանդերձ, հաջողվել է որոշակի համաձայնությունների հասնել։ Մասնավորապես, որ զանգվածային ոչնչացման ռազմավարական զենքերի կրճատման մասին նոր ռուս-ամերիկյան պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջը։ Այդ փաստաթուղթը կոչված է փոխարինելու վերոհիշյալ ոլորտում կնքված դեռ սովետա-ամերիկյան պայմանագրին, և ամերիկացիներն այն համարում են Բարաք Օբամայի վարչակազմի «կարևորագույն առաջնահերթություններից» մեկը։ Համարվում է, որ արդյունավետ համագործակցության հեռանկարներ կան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև Աֆղանստանի իրավիճակը կարգավորելու շուրջ։ ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդես եկավ առաջարկով՝ մինչև այս ամսվա վերջը Աֆղանստանի վերաբերյալ միջազգային խոշոր կոնֆերանս անցկացնելու մասին, իսկ նրա ռուս գործընկերը հայտարարեց, թե Մոսկվան պատրաստ է աջակցելու այդպիսի կոնֆերանսի անցկացմանը եվրոպական երկրներից որևէ մեկում։ Եվ շատ բնութագրական է, որ այդ կոնֆերանսին ամերիկացիները մտադիր են հրավիրել Իրանի քաղաքական ղեկավարությանը, ինչը նոր լույս է սփռում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում «վերածանրաբեռնված խնդիրների» վրա։
Ինչպես և կարելի էր ենթադրել, ամերիկացիների արդեն իսկ հնչեցրած առաջարկն Իրանին՝ համագործակցելու «Թալիբան» շարժման դեմ վարվող պայքարում, բոլորովին էլ պատահական չէր։ Այս թեման մտահոգում է ինչպես Թեհրանին, այնպես էլ Վաշինգտոնին, և, ըստ էության, միայն այս հարցի շուրջ է հնարավոր ոչ ցավագին ու հեռանկարային երկխոսություն ծավալել՝ մի կողմ թողնելով վաղեմի հակասությունների ամբողջ շղթան։ Միանգամայն հավանական է, որ ամերիկացիները հենց աֆղանական թեմայով են որոշել սկսել Իրանի հետ հարաբերությունների բարելավման երկխոսությունը, ինչն արդեն մի քանի անգամ հաստատել են նոր վարչակազմի տարբեր ներկայացուցիչներ։ Մանավանդ որ Իրանի ղեկավարությունն արդեն վաղուց և ամուր հարաբերություններ է հաստատել ընդգծված ամերիկամետ Համիդ Քարզայի աֆղանական կառավարության հետ։ Բնութագրական է և այն, որ բազմաթիվ ամերիկյան փորձագետներ այսօր համարում են, թե Իրանի նավթային եկամուտների այսօրվա կտրուկ կրճատման պայմաններում, երբ երկիրը միաժամանակ չունի արևմտյան տեխնոլոգիաներ և լուրջ ներդրումներ, Թեհրանն ինչ-որ տեղ հարկադրված է լինելու թեկուզ տարրական փոխհարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ։ Թեպետ, ամերիկյան փորձագետների գնահատմամբ, Վաշինգտոնը ճիշտ կլինի այդ գործընթացը սկսի Իրանում նախագահական ընտրություններից հետո։
Այս ամենը, անշուշտ, օրակարգից դուրս չի բերում իրանական ատոմային ծրագրի հարցը, որը քննարկման առարկա է ռուս-ամերիկյան ներկա բանակցություններում։ Դրան զուգահեռ, շատ դժվար է անգամ ենթադրել, որ Թեհրանը նույնիսկ ամենածանր տնտեսական պայմաններում կհրաժարվի վերջին տարիների իր գլխավոր նպատակից՝ ատոմային ծրագիրն ավարտին հասցնելուց և սեփական ատոմային ռեակտորը գործարկելուց։ Եվ այս դեպքում վերոնշյալ խնդիրը կարող է դառնալ ռուս-ամերիկյան ներկա բանակցային գործընթացի և հարաբերությունների «լիցքաթափման» անկյունաքարը, և ահա թե ինչու։ Միանշանակ է, որ ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան չեն կարող շահագրգռված լինել Իրանի` ատոմային տերություն դառնալու հեռանկարով։ Մանավանդ ռուսները, որոնց համար այնքան էլ հաճելի չի լինելու ուղղակի իրենց կողքին ատոմային տերության առկայությունը։ Ռուս-իրանական հարաբերությունները բոլոր ժամանակներում էլ հատուկ ջերմությամբ չեն առանձնացել։ Իրանցիներն իրենց պետականության երկուսուկես հազար տարվա փորձից ելնելով՝ շատ լավ են հիշում իրենց պատմության բարդ, երբեմն էլ արյունալի էջերը, որոնցից մեկն էլ երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իրանական Ադրբեջանն օկուպացնելու ԽՍՀՄ-ի փորձն էր։ Այնուհանդերձ, Կրեմլը կարծես պատրաստ է խաղարկելու իրանական խաղաքարտը նույնիսկ իր համար ռիսկի մեծ աստիճանի դեպքում։ Թեկուզ ակնհայտ է, որ անգամ Արևմուտք-Ռուսաստան բացարձակ համախմբվածությունն այս հարցում հազիվ թե որոշիչ ազդեցություն ունենա Իրանի քաղաքականության վրա։
Ավելին, շատ արևմտյան վերլուծաբանների կարծիքով, ատոմային տեխնոլոգիաների ոլորտում Իրանի կողմից իրականացվող ծրագրերն այլևս անշրջելի են։ Դա հաստատվեց նաև Բուշերի ատոմակայանի փորձարկման ժամանակ, այս տարվա փետրվարի 25-ին։ ՈՒ թեկուզ ուրանի փոխարեն փորձարկման ժամանակ օգտագործվեց միայն արճիճ, այնուհանդերձ, իրանական կողմը հստակ հայտարարեց, որ փորձարկման հաջող անցնելու պարագայում ԱԷԿ-ն աշխատելու է, բնականաբար, ուրանով։ Այսինքն, Իրանն ավելի քան մոտեցել է ատոմային տերության ցանկալի կարգավիճակին, ու այդ փաստը հարկադրված են լինելու հաշվի առնել ողջ աշխարհում։ Ըստ այդմ, որքան էլ Մոսկվան փորձի իրանա-ամերիկյան հակադրության դաշտում պահպանել որոշիչ խաղացողներից մեկի իր կարգավիճակը և այն շահագործելով իր համար զիջումներ պոկել այլ առաջնահերթ ուղղություններում կամ հարցերում, Կրեմլի վիճակը, ամեն դեպքում, նախանձելի չէ։ Ռուսաստանին այլ բան չի մնում, քան առնվազն պնդել, որ ատոմային վառելիքն Իրանը ձեռք բերի Ռուսաստանից, և դրա շահագործումից հետո այն վերադարձվի։ Այս պարագայում Մոսկվայի հաշվարկը կարող է ելնել այն իրողությունից, որ Իրանը, գոնե առայժմ, չունի սեփական ատոմային հումք, և Բուշերի ԱԷԿ-ը լիովին ինքնուրույն շահագործել չի կարողանա։ Բայց ամեն դեպքում փոքր է հավանականությունը, որ Թեհրանը նույնիսկ նման տարբերակի համաձայնություն տալով՝ անվերապահորեն կատարելու է բոլոր պահանջները։ Այդ դեպքում պարզապես Իրանի կախվածությունը Ռուսաստանից երկարաժամկետ կտրվածքով անխուսափելի է, և Թեհրանում էլ են շատ լավ հասկանում, որ Կրեմլը չի խուսափի այդ կախվածությունն օգտագործել տարբեր ուղղություններով, անկախ նրանից, թե ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները որքանով կբարելավվեն կամ ընդհակառակը։
Այսպիսով, շատ դժվար է պնդել, թե Կրեմլին կհաջողվի իրանական թեմայով հաջողված երկխոսություն վարել Սպիտակ տան հետ։ Նույնքան անհավանական է, որ առաջիկա բանակցություններում ռուսական կողմը համաձայնի ամերիկացիների հետ Իրանի հարցում ինչ-որ նոր, համատեղ մոտեցումներ մշակել։ Մոսկվայում շատերն են կարծում, որ դա ոչ միայն հակասում է «ազգային-պետական շահերին», այլև պետական ու ոչ պետական տնտեսական խոշոր կորպորացիաների տարածաշրջանային հետաքրքրություններին։ Իսկ նման կառույցներն այսօր մեծ ազդեցություն ունեն Ռուսաստանի արտաքին քաղաքականության վրա։
Այլ հարց է, որ, ամերիկյան առաջատար փորձագետների կարծիքով, գլոբալ տնտեսական ճգնաժամը և նավթի գների անկումն ԱՄՆ-ին բացառիկ շանս են տալիս բազմաթիվ կարևոր խնդիրների շուրջ իրեն հարմար պայմաններով համաձայնություններ ձևավորելու։ Ինչը, ի դեպ, բացառված է, որովհետև «նավթային գիգանտների»՝ Ռուսաստանի և Իրանի քաղաքական էլիտաների պահվածքում հակաամերիկյան բաղադրիչն ու հնչեղ հռետորաբանությունն ավելի շատ երկրի ներսում օգտագործելու համար են։ Բայց, միաժամանակ, երկու երկրներում էլ հասկանում են, որ առանց ամերիկյան «ատելի» դոլարների և առանց ամերիկյան արժեթղթերի շուկայում ակտիվներ ձեռք բերելու, շատ դժվար է լինելու։ Նույն Ռուսաստանն ամերիկյան գանձապետական արժեթղթերի հինգերորդ գնորդն է աշխարհում, և, ըստ որոշ գնահատականների, 180-190 մլրդ դոլար Ռուսաստանի կողմից ներդրված է տարբեր տիպի ամերիկյան արժեթղթերի ակտիվներում։ Ըստ այդմ, թեկուզև Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն Օբամայի վարչակազմի համար ցանկալի է, ԱՄՆ-ի նոր նախագահը հազիվ թե ռուսների հետ Իրանի շուրջ «մեծ գործարք» կնքի՝ չունենալով դրա իրագործման իրական երաշխիքներ։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3121

Մեկնաբանություններ